38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«...Եթե Ադրբեջանը ծայրահեղ քայլի դիմի, մենք միանգամից հակահարված ենք հասցնելու»

«...Եթե Ադրբեջանը ծայրահեղ քայլի դիմի, մենք միանգամից հակահարված ենք հասցնելու»
30.09.2008 | 00:00

«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵՆՔ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ, ԲԱ՞ՅՑ...»
Լեռնային Ղարաբաղը չբացահայտված հանրապետություն է առաջին հերթին հայաստանցիներիս համար։ ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ բնակչության միայն 5%-ն է եղել Արցախում։ Եվ Արցախը բացահայտելու նպատակ էր հետապնդում ավելի քան 120 հայաստանցի ուսանողների ճանաչողական այցը Ղարաբաղ, որտեղ նրանք հնարավորություն ունեցան հանդիպելու ԼՂՀ նախագահ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ և ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները։ ԼՂՀ նախագահի և հայաստանցի երիտասարդների հարցուպատասխանները որոշակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև։
-Պարոն նախագահ, խնդրում ենք հայտնել Ձեր անձնական կարծիքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի մասին։
-Մենք դիտել ենք ելույթը։ Շատ հաճելի է, որ նոր ոճ է հաղորդվում միջազգային հարաբերություններին, և շիտակ ներկայացվում է ազգերի ինքնորոշման գաղափարը։ Ողջունում եմ նման մոտեցումը, և ապագայում ամեն ինչ անելու ենք՝ նման գաղափարները կյանքի կոչելու համար։ ՀՀ նախագահը բավականին համարձակ և հստակ ներկայացրեց իրավիճակը՝ հաշվի առնելով նաև ԼՂՀ-ի տեսակետը։ Արդեն վաղուց մենք չենք մասնակցում բանակցություններին, և մեր շահերը Մինսկի խմբի շրջանակներում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Մենք մի կողմից և՛ ՀՀ ղեկավարությունից, և՛ Մինսկի խմբի համանախագահներից պահանջում ենք, որպեսզի նրանք վերականգնեն բուդապեշտյան գագաթաժողովի կարգավիճակը, որի համաձայն՝ ԼՂՀ-ն կրկին ներգրավվի բանակցային գործընթացներին։ Մյուս կողմից էլ ողջունում ենք ՀՀ-ի մասնակցությունը, որովհետև դա մեզ համար հարաբերական խաղաղություն ապահովելու միակ միջոցն է։
-Ի՞նչ կարծիք ունեք կովկասյան անվտանգության և համագործակցության պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի նախաձեռնության մասին։
-Յուրաքանչյուր նման նախաձեռնություն մենք ողջունում ենք։ Այն առաջարկներն ու մոտեցումները, որոնք ուղղված են տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելուն, չեն կարող անտեսվել։ Մենք ողջունում ենք ինչպես ՀՀ նախագահի հրավերը, այնպես էլ Թուրքիայի նախագահի այցը Հայաստան, և կարծում ենք՝ ամենաբարդ հարցերը պետք է լուծվեն ուղղակի երկխոսության միջոցով։ Բայց, մյուս կողմից, մենք ունենք մեր դժգոհությունները, որովհետև հերթական անգամ խոսվում է տարածաշրջանում կայունություն հաստատելու մասին, սակայն ԼՂՀ-ն այդպես էլ չի ընդգրկվում այդ շրջանակներում։ Երբ խոսում են տարածաշրջանի խաղաղության մասին, առաջին հերթին դա վերաբերում է ԼՂՀ-ին և այնտեղ ապրող ժողովրդին։ Մենք համոզված ենք, որ նման առաջարկությունները միայն մի դեպքում կարող են գործի դրվել. եթե բոլոր սուբյեկտները (կոնկրետ՝ ԼՂՀ-ն) ուղղակի մասնակից լինեն այդ ծրագրերի իրականացմանը։ Հակառակ դեպքում մենք առանց հապաղելու կբարձրաձայնենք, որ ցանկացած նախաձեռնություն տրամաբանական ավարտին անհնար է հասցնել, քանի որ դրանց անմիջական մասնակիցը չի ներգրավվում այդ գործընթացներին։ Առանց մեր մասնակցության որևէ լուրջ հաջողություն դժվար է ակնկալել։
-Ի՞նչ գնահատական կտաք Վրաստանի և Հարավային Օսիայի միջև հակամարտությանը։ Դա կարո՞ղ է արդյոք պատճառ դառնալ Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև հակամարտության սրման։
-Մենք արդեն տվել ենք մեր գնահատականը։ Եղել է մեր ցավակցական ուղերձը Հարավային Օսիայի նախագահին և շնորհավորանքներ Աբխազիայի և Հարավային Օսիայի նախագահներին։ Մենք այդ դեպքերը որակել ենք որպես հերթական ողբերգական իրադարձություններ։ Այս տարիների ընթացքում մեր հայտարարություններում բազմիցս նշել ենք, որ նման հակամարտություններին լուծում տալու ուժային տարբերակը հղի է հումանիտար աղետներով։ Եվ վերջին իրադարձությունները փաստելու են մեր տեսակետը։ Այսօր մեր երկրում հասարակական-քաղաքական ուժերի մասնակցությամբ լայն քննարկումներ են անցկացվում։ Եվ այդ քննարկումների ավարտից հետո մենք հայտնելու ենք մեր վերջնական տեսակետը։ Մենք կողմնակից չենք նման իրավիճակում առանց խոր ուսումնասիրություններ կատարելու գնահատականներ տալուն։
-Վերջերս կայացավ Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը նշեց, թե Ադրբեջանը ստեղծված իրավիճակում չպետք է կորցնի իր շանսը՝ ընդգծելով ռուս-վրացական հակամարտությունը։ Ի՞նչ նկատի ուներ Թուրքիայի արտգործնախարարը։
-Կարծում եմ՝ նման տեսակետը մեկնաբանության կարիք չի զգում։ Իհարկե, կարելի է ենթադրել, որ ենթատեքստում հակամարտության ուժային լուծման տարբերակն է։ Բայց մենք բազմիցս հայտարարել ենք, որ եթե Ադրբեջանը նման ծայրահեղ քայլի դիմի, մենք միանգամից հակահարված ենք հասցնելու, և դա արտացոլված է լինելու մեր զինված ուժերի գործողություններում։ Այդ հակահարվածը ոչ միայն լինելու է լոկալ բնույթի, այլև միանգամից թափանցելու ենք Ադրբեջանի խորքերը։ Մեր երկրում այսօր պատրաստ են նման քայլերի։ Այս մոտեցումը չենք ներկայացնում որպես ճնշում Ադրբեջանի նկատմամբ, պարզապես դա ճշմարտություն է, որ ապրում է մեզանից յուրաքանչյուրի մեջ։ Սա մեր երկրի անվտանգությունն ապահովելու միակ ձևն է։ Իհարկե, դա ոչ ցանկալի ձև է, և մենք ամեն ինչ անում ենք, որ ձեռք բերած խաղաղությունը (թեկուզ և հարաբերական) դարձնենք մշտական, հավերժական։ Այնպես որ յուրաքանչյուր ծայրահեղ քայլի դեպքում ի վիճակի ենք մեր երկրի անվտանգությունը պաշտպանելու և հնարավորություն ստեղծելու ժողովրդի խաղաղ աշխատանքի համար։
Պատրաստեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4853

Մեկնաբանություններ